Loading...

ԸՆԹԱՑԻԿ ԾՐԱԳՐԵՐ

ԿողբxԹՈՒՄՈ

2016թ.-ին «Կողբ» հիմնադրամը «Սիմոնյան» կրթական հիմնադրամի հետ միասին նախաձեռնեց «ԹումոxԿողբ» ծրագիրը, համաձայն որի սահմանամերձ Կողբ համայնքում կառուցվում է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն ավելի քան 1,000 ուսանողի համար, որը սպասարկելու է Նոյեմբերյան, Կողբ, Բերդավան և հարակից ավելի քան 10 սահմանամերձ համայնքների երիտասարդությանը:
Համաձայն կնքված Հուշագրի` նախագծի ընդհանուր բյուջեն, ներառյալ մինչև 2025 թ. ընթացիկ գործառնական ծախսերը, կազմում է մոտ 3 մլն ԱՄՆ դոլար:
Կենտրոնում իրականացվելու է «Թումո» կենտրոնի հիմնական կրթական ծրագիրը, որտեղ դասավանդելու են ՀՀ տարածքում գործող 4 կենտրոններում շրջագայող մասնագետները, ինչպես նաև հրավիրվելու են մասնագետներ արտերկրից: Ծրագիրը չի սահմանափակվելու այսքանով և հետագայում ընդլայնելու է գործունեության ծավալները:

ԿողբxԾառատունկ

2020 թվականի հոկտեմբերին լրանում է «Կողբ» հիմնադրամի 7-ամյակը, ինչի առթիվ Տավուշի մարզի Կողբ համայնքի վարչական տարածքոմ գտնվող «Զիկատար» պետական արգելավայրի տարածքում նախատեսվում է ավելի քան 3 հեկտարի վրա տնկել ընդհանուր 7․000 անտառային պտղատու եւ գեղազարդ ծառ:

Միջոցառումը բաց է հիմնադրամի աջակիցների, բնության սիրահարների և լայն հանրության համար։ Հուլիսից սկսած մասնակիցները հնարավորություն կունենան հիմնադրամի կայքում տարածքի սխեմատիկ քարտեզի վրա առցանց ամրագրել իրենց տնկելիք ծառը և դրա տեղադրությունը, իսկ ծառատունկի օրը՝ այս տարվա հոկտեմբերին, անձամբ տնկել իրենց անվանական ծառը։

Նախագիծը կնպաստի ՀՀ-ում անտառածածկ տարածքների ավելացմանը, ինչպես նաև կօգնի ավարտին հասցնել Կողբում Թումո ստեղծարար կենտրոնի շինարարությունը, քանի որ միջոցառման ամբողջ հասույթը ուղղվելու է այդ նպատակին։

Տեսախաղի ստեղծում

2020 թվականի հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության օրը, «Կողբ» հիմնադրամը մեկնարկեց հերթական կրթական նախագիծը՝ հայտարարելով ժամանցային տեսախաղի ստեղծման և մշակման բաց մրցույթ։
Մրցույթին կարող են մասնակցել բոլոր ստեղծարար անձինք, թիմերը եւ կազմակերպությունները՝ մինչեւ օգոստոսի 1-ը ներկայացնելով տեսախաղի սեփական կոնցեպտն ու սյուժեն՝ ուղղված 10 տարեկանից բարձր երեխաների հետեւյալ կարողությունների զարգացմանը.
✅ Մտածել եւ հասկանալ
✅ Որոշում կայացնել
✅ Ստեղծագործել և ստեղծել
✅ Չվնասել ու պահպանել բնությունը
Մրցույթի պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ։

Քաղաքագիտության ալգորիթմ

2019 թվականի նոյեմբերին «Կողբ» հիմնադրամը «Բուն» հիմնադրամի հետ համագործակցությամբ մեկնարկեց ամենաարժեքավոր նախագծերից մեկը՝ «Քաղաքագիտության ալգորիթմ» բանախոսությունների շարքը։ Նպատակը մեր իմացածը հասկանալն ու (վեր)իմաստավորելն է, քանի որ միայն այդ պարագայում կկարողանանք այն ծառայեցնել առաջընթացին ու կայուն զարգացմանը:

Շարքի բանախոս՝ Մանվել Սարգսյան

Ինքնիշխանության անատոմիա

«Կողբ» հիմնադրամը և «Բուն» գիտամշակութային հիմնադրամը» 2019 թվականի նոյեմբերին մեկնարկեցինք բանախոսությունների նոր շարք՝ «Ինքնիշխանության անատոմիա»։ Բանախոսությունների շարքում անդրադարձ է լինելու ինքնիշխանության խնդրի տարբեր ասպեկտներին։ Ինքնիշխանությունը դիտարկվելու է փիլիսոփայական, քաղաքական, մարդաբանական, տնտեսական, մշակութային, կրթական ասպեկտներով։ Գլխավոր հարցադրումն այն է, թե ալգորիթմների ու տվյալների դարաշրջանում մարդիկ ու հասարակությունները որքանով կկարողանան դառնալ կամ մնալ ինքնիշխան։
Արդյո՞ք տոտալ վերահսկողության ժամանակներում մտածելու և գործելու խիզախությունը վտանգված է։ Խնդիրը հատկապես արդիական է Հայաստանում, որտեղ արմատացած է այն պատկերացումը, որ մեր շուրջը հյուսված են դավադրության տեսություններ, և ամեն ինչ այդ տեսությունների շրջանակում է ընթանում։ Ինչպե՞ս կարելի է դուրս գալ այս տեղապտույտից, որը կոչվում է «վարժեցված անօգնականություն»։ Մի մտածելակերպ, երբ մարդիկ չեն հավատում, որ իրենք և մյուսները կարող են ինչ-որ բան փոխել։

Նախագծի համակարգող՝ Սերոբ Խաչատրյան։

Ավարտված նախագծեր

Ի՞նչ անել, ինչպե՞ս անել

«Կողբ» հիմնադրամի և «Բուն» գիտամշակութային հիմնադրամի 2017 թվականին ստորագրված փոխըմբռնման հուշագրով հաստատված համագործակցությունը շարունակվեց բանախոսությունների երկրորդ շարքի՝ «Ի՞նչ անել, ինչպե՞ս անել» նախագծի շրջանակներում։ Շարքը նպատակ ունի քննարկել արժեքների գործնական կիրառման շնորհիվ այսօր առկա խնդիրների լուծման տարբերակները։

Արժեքների հեղափոխությանը պետք է հետեւի գաղափարներինը, հետևաբար արժեքների մասին խոսքին պետք է հաջորդի ոլորտային կոնկրետ գաղափարների եւ առաջարկների վերաբերյալ խոսքը։

Շարքի բանախոս՝ Արման Բարսեղյան։

ԿողբxՌեֆրութ

Կողբ հիմնադրամի և Ռեֆրութ ՍՊԸ–ի համագործակցությամբ Տավուշի մարզում իրականացվում է գյուղատնտեսական ինկուբատորի ստեղծման նախագիծը, որի հիմնական նպատակներն են․
Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում գյուղատնտեսական մթերքի նկատմամբ կայուն պահանջարկի ձեւավորում,
Ուսուցման եւ պրակտիկ աշխատանքի միջոցով համապատասխան գիտելիքների և հմտությունների տիրապետող երիտասարդ մասնագետների պատրաստում, ովքեր հետագայում կարող են միավորվել և ինքնուրույն գյուղատնտեսական կոոպերատիվներ կամ այլ տնտեսություններ ստեղծել։
Այդ տնտեսությունների արտադրանքի միասնական մարքետինգի և իրացման կազմակերպում,
Գյուղատնտեսական ինկուբատորի գործունեության արդյունքում ձեւավորվելիք միջոցներով (նաեւ Կողբ համայնքում կառուցվող Թումո կենտրոնի) ընթացիկ ծախսերի մասնակի ֆինանսավորում։

Արժեբանություն

«Կողբ» հիմնադրամը և «Բուն» գիտամշակութային հիմնադրամը 2017 թվականին ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր և սկսեցին իրենց համագործակցությունը «Արժեբանություն» նախագծի շրջանակներում։ Նախագիծը իրենից ենթադրում է 11 բանախոսություն-քննարկումներից բաղկացած հանդիպումների շարք, որը տեղի է ունենում յուրաքանչյուր ամսվա վերջին հինգշաբթի օրը։  Այն նպատակ ունի նման քննարկումների շնորհիվ նպաստել արժեքահեն հասարակության ստեղծմանն ու կայուն զարգացմանը։ Նախագիծը համակարգում է արևելագետ և դիվանագետ, ԵՊՀ Արաբագիտության ամբիոնի հիմնադիրներից պրոֆեսոր Դավիթ Հովհաննիսյանը։

 

ԿողբxԲունուս

Բունուս կրթական հարթակում մեկնարկել է «Բուն» հիմնադրամի հետ համագործակցության հերթական արդյունքը՝ Հասարակագիտության 10-րդ դասարանի դասընթացի առցանց տեսաշարը առաջին մասը «Անձնական ֆինանսներ», երկրորդը՝ «Ձեռնարկատիրություն» թեմաներով։

Չափազանց արդիական եւ բարձրորակ բովանդակությամբ այդ կրթական տեսանյութերը հասանելի են ոչ միայն Հայաստանի բոլոր բնակավայրերի աշակերտներին, այլ նաև երկրից դուրս հայկական համայնքների մեր հայրենակիցներին:

KOGHBxTUMO ամառային ճամբար

«Կողբ» հիմնադրամի եւ ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի համագործակցության շրջանակներում սահմանամերձ Կողբի և հարակից համայնքների 26 պատանիներ մասնակցեցին ԹՈՒՄՈ-ի ամառային ճամբարին:

ԿողբxՔվանտ

Արդեն մի քանի տարի շարունակ «Կողբ» հիմնադրամը կրթաթոշակներ է շնորհում «Քվանտ» վարժարանի «Օժտված երեխաներ» մրցույթի հաղթողներին՝ խրախուսելով նրանց լավագույնս դրսևորել իրենց գիտելիքները և հաղթանակներ տանել տարբեր օլիմպիադաներում։

ԿողբxԶիկատար

Հիմնադրամը տարածաշրջանի ավելի քան 10  համայնքների պատանիներից կազմավորել է Զիակատար ֆուտբոլային թիմը, որը մասնակցում է ՀՀ ֆուտբոլի մանկապատանեկան առաջնությանը։ Թիմը նախորդ տարի դարձավ իր ենթախմբի չեմպիոն՝ իրենից հետ թողնելով մայրաքաղաքի մի շարք անվանի թիմերի,  և դուրս եկավ մինչև 16 տարեկանների բարձրագույն լիգա, որտեղ և հիմա թիմը հանդես է գալիս։ Թիմը մարզում է ՀՀ երիտասարդական հավաքականի նախկին մարզիչ Սամվել Ադամյանը։

«Կողբը» հանուն կրթության

Հայաստանում և Արցախում «Կողբ» հիմնադրամի շնորհիվ շուրջ 90 կրթական և մշակութային ծրագրեր են ֆնանսավորվել ընդհանուր 100 միլիոն դրամ ֆոնդով։ Մեր դիմորդները հնարավորություն են ստացել սկսել կամ շարունակել իրենց կրթությունը ոչ միայն հայաստանյան կրթական հաստատություններում, այլ նաև աշխարհի այլ բուհերում, ինչպես Բերքլիում, Օքսֆորդում, Սորբոնում և այլն։

միջոցառումներ

2x2x2

2019 թվականի նոյեմբերի 16-ին «Կողբ» և «Բուն» հիմնադրամները նշեցին իրենց համագործակցության 2 տարին, ինչով էլ մեկնարկեցին բանախոսությունների երկու նոր շարք՝  «Ինքնիշխանության անատոմիա», «Քաղաքագիտության ալգորիթմ»։ Հիմնադրամների երկամյա համագործակցությունը սկիզբ դրեց ևս մեկ համագործակցության «Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի» հետ։

Բարեգործական միջոցառում Կողբ–Թումո

2018թ. հոկտեմբերի 19-ին «Մեգերյան կարպետ Արմենիայում» տեղի ունեցավ «Կողբ» հիմնադրամի հերթական բարեգործական միջոցառումը, որի ընթացքում հավաքագրված միջոցները ուղղվեցին Տավուշի մարզի սահմանամերձ տարածաշրջանում իրականացվող «Կողբ–Թումո» նախագծի ֆինանսավորմանը։

ԿողբxԹՈՒՄՈ բարեգործական միջոցառում

2017թ.-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ «Կողբ» հիմնադրամի առաջին բարեգործական միջոցառումը, որի ընթացքում հավաքագրված միջոցները ուղղվեցին Տավուշի մարզի սահմանամերձ տարածաշրջանում իրականացվող "ԿողբxԹումո" նախագծի մեկնարկին։

ԿողբxԹՈՒՄՈ հիմնարկեք

2017թ. հունիսի 6-ին Տավուշի մարզի Կողբ գյուղում տեղի ունեցավ "ԹումոxԿողբ" նախագծի շինարարության հանդիսավոր մեկնարկը հաստատող առաջին քարի տեղադրման արարողությունը: Միջոցառումը կազմակերպվել էր «Կողբ» կրթության, մշակույթի և սպորտի զարգացման հիմնադրամի և «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից: Միջոցառմանը մասնակցում էին նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, «Սիմոնյան» կրթական հիմնադրամի հիմնադիր Սեմ Սիմոնյանը, «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը, բազմաթիվ հյուրեր արտասահմանից և Հայաստանից:

 

Կողբ հիմնադրամի գործունեության պաշտոնական մեկնարկը

2015 թ.-ին տեղի ունեցավ Կողբ հիմնադրամի գործունեության և կայքէջի գործարկման պաշտոնական մեկնարկը։